Մասն Բ
[էջ 307]
ՄԱՍՆ Բ
ՄՀԵՐԻ ԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆԸ ԵՎ ՎԵՐՋԸ
1
Մեկ ժամանակ վրա անցավ,
Մհեր ասաց.— Հրողթեր,
Տ’էրթամ աշխարհ ման գալու,
Ես չեմ կարնա էստեղ նստի,
Ոչ ժառանգ կա ինձի, ոչ մահ ունիմ։
Էլավ, առավ Թուր Կեծակին,
Հեծավ Քուռկիկ Ջալալին, գնաց։
Շատ գնաց, քիչ գնաց,
Տեսավ ճամփեն ընկեր է անտառի մեջ.
Ծառներ չեն թողնի ինք էրթա։
Ջարդեց զծառներ, անցավ առաջ։
Գնաց, գնաց, չուր առավոտ.
Դեմ ընկավ մեկ մեծ քարափի։
Մհեր չէր ուզի ետ դառնա,
Ամա քարափ կտրեր էր էնոր ճամփան։
Մեկ էլ տեսավ աղվես մի էնտեղով փախավ,
Մհեր գնաց էնոր ետևեն,
Էլավ քարափի գլուխ։
Իրիշկեց, թագավորական քաղաք մի.
Ճամփան էտու առաջ ու գնաց...
Հասավ մեկ խորոտ էրի առաջ.
Նստավ էնտեղ հանգստանա։
Մեկ էլ տեսավ մարալ մի՝
[էջ 308]
Լեզուն թալե դուրս, կը վազի։
Մհեր քաշեց իր նետ ու աղեղ,
Զարկեց մարալին, սպանեց։
Աչքեց — տեսավ էն դեհեն՝
Քսանի չափ ձիավորներ էկան,
Հայհոյանք կ’անեն, կ’ասեն.
— Սասնա ծուռ Դավթի տղան
Էլնի մեր թագավորի մարալ սպանի՜...
Էդ որ լսեց Մհեր, սիրտ համբեր չէտու,
Էլավ, ընկավ էտևներ.
Էնոնք որ տեսան Մհերին,
Ձիերու գլուխ դարձուցին, փախան...
Մհերն էր, շատ գնաց, քիչ գնաց,
Մոտեցավ Պաճիկ թագավորի քաղաքին։
Ձիուց իջավ տակ, վրան զարկեց։
Խաբար տարան Պաճիկ թագավորին,
Թե՝ Սասունա Մհեր էկե,
Քո քաղաքի մոտ վրան զարկե։
Պաճիկ թագավորն էլ առավ իր վազիր, վաքիլ,
Առավ իր սինոդներ,
Էկավ Մհերի առաջ, ասաց.
— Էն ժամանակ, ինչ քո հեր
Մըսրա Մելիքի հետ կռիվ արեց,
Ես ու քո հեր ուխտ ենք արե։
Թե.— Ի՞նչ ուխտ եք արե։
Ասաց.— Ուխտ ենք արե քո հոր հետ,
Որ ինձի աղջիկ ըլնի, քեզի տղա,
Իմ աղջիկ տամ քո տղին.
Որ քեզի աղջիկ էղավ, ինձի տղա,
Քո աղջիկ տաս իմ տղին։
Հիմի աստված քեզ քո հորն է տվե,
Ինձի էլ աստված աղջիկ է տվե.
Տեսնենք՝ դու կառնե՞ս իմ աղջիկ։
Ասաց.— Որ աղջկան հավնա, կ’առնեմ.
Թե չը հավնա, չեմ առնի։
Էլան գնացին աղջկա մոտ.
Էնոր անունն էլ Գոհար խանում էր։
Մհեր որ տեսավ, հավնավ.
Աղջիկն էլ տղին հավնավ։
[էջ 309]
2
Մնաց։ Առավոտ Գոհար էլավ,
Պատուհանեն իրիշկեց, տեսավ՝
Մհեր վրանի տակ քնած է։
Էնոր ոտներ չուրի չոքեր մնացե դուրս։
Գոհար տեսավ, սիրտ ցավեց, ասաց.
«Չըլնի՝ արև զարնի Մհերին»։
Էլավ, հեծավ խարտեշ ձի մի,
Հագավ կարմիր շորեր,
Զենք կապեց վեր իրեն,
Էկավ դեմ ի Մհեր.
Էկավ դռնեն բոռաց, ասաց.
— Մհե՛ր, տե՛ս, արև քեզի կը զարնի։
Մհերն ասաց.— Է՜, ես ի՞նչ անեմ, որ վրան պստիկ է։
— Պստիկ չէ,— ասաց Գոհար,– ջոջ է,
Համա դուն ազնահուրի ջան ունիս։
Մհեր ասաց.— Լա՛վ, թող քնեմ։
Ասաց.— Է՛լ, ես թագավորի տղան եմ,
Էկեր եմ, որ քեզի փորձեմ։
Հետ ինձի կռիվ տ’անես.
Թե դու ինձի հաղթեցիր,
Լուսուն զիմ քուր Գոհար կը տամ՝ կ’առնես կ’էրթաս։
Թե դու ինձի չը հաղթեցիր,
Ես քո գլուխ կը զարնեմ։
Մհեր հեծավ, էլավ մեյդան։
Գոհարն էլ էլավ մեյդան, կայնավ։
Մհեր որ գուրզ թալեց, Գոհար վերուց.
Գոհար որ թալեց, Մհեր վերուց։
Մեկ մեկ ու չը կարցան հաղթեն։
Գոհար ասաց.— Մհե՛ր, հերիք է,
Էդ անասուններ սպանեցինք.
Գնա, իջի քո տեղ, հանգստացի.
Ես քեզի հաց ու ջուր կը ճամփեմ։
Գոհար էլավ գնաց,
Օչխար մի կարմրցուց,
Տիկ մի գինի, հաց էլ հետ,
Էտու իր առջևի ծառային,
Տարավ Մհերի վրանի դուռ։
Մհեր հաց կերավ, գինին խմեց,
Պառկավ, քնավ չուրի լուս...
[էջ 310]
Լուս որ բացվավ, Գոհար հագավ սև շոր,
Զենքեր կապեց վեր իրեն,
Էլավ, էկավ դեհ Մհեր։
Էկավէ Էնոր վրանի դուռ կտրեց,
Ասաց.—Դավթի տղա Մհեր դո՞ւն ես։
Մհեր ասաց.— Հա՛, ես եմ։
— Իմ քուր Գոհար որ էկեր ես կ’առնես, դո՞ւն ես։
Մհեր ասաց.— Հա՛, ես եմ։
— Դ’էլի, արի քեզի պայման մի կտրեմ։
Թե դու տարար, ասաց,
Իմ քուր Գոհար կը տամ քեզի,
Առավոտուն կ’առնես, կ’էրթաս.
Թե ես տարա քեզի,
Ես գքո գլուխ կը կտրեմ։
Ասաց.— Ի՞նչ է քո պայման։
Ասաց.— Քո մատնիք դնենք, զարկենք,
Նետ-աղեղ միջեն անցունք։
Ով որ չը կարցավ, էն տարված է։—
Մհերի մատնիք պստիկ մատնիք չէր, որ չ’անցներ։
Բերին, դրին մեջտեղ։
Առաջ Գոհար զարկեց։
Նետ էնպես անցուց,
Մատնիք իսկի չը խըլվլաց։
Էս անգամ հերթ էկավ Մհերին։
Մհեր որ զարկելու արեց,
Գոհար էկավ, կայնավ էնոր առաջ։
Մհեր աչքեց Գոհարի էրես,
Գոհար էնպես խորոտ էր,
Աչք մնաց էնոր էրես.
Նետ էզար, մատնիք թռուց.
Չը կարցավ միջեն անցուցեր։
Գոհար գուրզ քաշեց, ասաց.
— Խոսք խոսք է, ըզքո գլուխ տի զարկեմ։
Մհեր վերուց, ասաց.
— Չէ՛, դու իմ աչք խաբիր.
Դու կայնար իմ առաջ,
Որ աչքեցի քո էրես,
Իմ նետ դիպավ մատնիքին։
Բերեց, մեկ էլ էդիր, ասաց.
— Մհե՛ր, էս անգամ անցուցիր,
[էջ 311]
Իմ խոսք խոսք է,
Իմ քուր Գոհար կը տամ քեզի.
Չանցուցիր, քո գլուխ տի զարկեմ։
Դրեցին. Մհեր նշնեց, զարկեց,
Մատնիքի միջեն անցուց իր նետ։
Գոհար էդտեղ ասաց.
— Դու արժան ես՝ Գոհարի մարդն ըլնիս,
Համա էլի կ’ասեմ՝ տե՜ս, արև չը զարնի։
Գնաց մեկ վրան էլ ղրկեց, ասաց.
— Զարկեք Մհերի ոտներին։
Մհեր գլխի ընկավ,
Որ էն թագավորի տղան չէր,
Աղջիկն էր, ինք Գոհարն էր։
Մնաց քանի մի օր՝
Բերին Գոհարին ու Մհերին պսակեցին.
Յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արին,
Կերան, խմեցին, ուրախացան։
Մհեր գիշեր պառկավ Գոհարի մոտ.
Գոհար բերեց, թուր էդիր մեջտեղ, ասաց.
— Արևմտից թագավոր մեր մոտեն խարջ կ’առնի
Ասաց,— Էն խարջ որ կտրեցիր,
Ես քեզի կնիկ, դու ինձի մարդ։
Քնան։ Լուս բացվավ, էլան,
Մհեր հեծավ ձին, քշեց։
Հասավ արևմտից թագավորի քաղաք։
Էսոնք որ տեսան Մհերին՝
Մենակ ձիու վրա նստած՝
Ինչպես մի մեծ սար էլնի սարի վերա,
Շատ վախեցան էնոր մոտեն։
Էլան զորք արին, էկան Մհերի վերան։
Մհեր քշեց Քուռկիկ Ջալալին,
Մեկ կողմեն ինք, մեկ կողմեն ձին,
Զորքի ծերն առան, սկսին ջարդել...
Ջարդեցին, կտրեցին չուրի իրիկուն։
Իրիկուն Մհեր ձիու գլուխ դարձուց,
Էկավ տուն Գոհարի մոտ, ասաց.
— Արևմտից թագավոր սպաներ եմ,
Էլ քո հոր մոտեն խարջ տանող չ’իլնի:
[էջ 312]
3
Մնաց ժամանակ մի՝
Ձենով Հովան էլավ,
Թուղթ ճամփեց դեհ Մհեր, ասաց. «Մհե՛ր,
Կոզբադնի թոռներ էլած են, կտրճացած,
Էկած Սասնա քաղքի վեճ կանեն.
Ես չեմ կարնա, իմ ուժ չի հաղթի.
Կ’էլնես, կը գաս, հասնես»։
Մհեր ասաց.— Ա՜յ կնիկ,
Կ’առնես զիմ գուրզ, դուռ կը դնես,
Ինչ փահլևաններ կը գան,
Քեզի նեղություն չեն տա.
Կ’ասեն՝ Մհեր տուն քնած է։
Էլավ քշեց, էկավ Սասնա քաղաք.
Որ էկավ, Սասնա քաղաքին մոտեցավ.
Էլաց, դժարացավ։
Իրիկվան ժամանակն էր.
Հրողբեր դուռ շիներ, քներ էր։
Կանչեց.
«Հերահո՛տ հրողբեր, վե՛ր էլի*,
Քո անուշ քնուց վե՛ր էլի,
Ա՜խ, հալա վե՛ր էլի»։
Ձեն ընկավ հրողբոր ականջ, մեջ քնուն ասաց.
— Մեկ բարակ ձեն էկավ, դիպավ ականջիս,
Իմ խոր քնու մեջեն զարկավ։
Կնիկ ասաց.— Ա՜յ աղբեր, ի՞նչ ձեն։
Ասաց՝ Սասնա տուն է, դուռ շիներ ես,
Դեռ էլի կը վախենա՞ս։
Հրողբեր ասաց.
— Հալբաթ կը վախենամ,
Ծերացեր եմ, իմ ազգական մոտես հեռացած։
Մեկ էլ գնաց՝ էրդսի վերա.
Կանչեց.
«Հերահո՛տ հրողբեր, վե՛ր էլի*.
Իմ տուն գետին եմ դրե,
-------------------
* Երգ է:
[էջ 313]
Իմ տուն իմ գուրզին պահ եմ տվե,
Իմ գուրզ Պաճիկ թագավորի աղջկան պահ եմ տվե:
Հրողբեր վազեց, գնաց,
Մհերի գլուխ պագեց,
Ասաց.— Դու ի՞նչխ ես պահ տվե,
Քո տուն թողե, էկե։
Ասաց.— Ես էնպես եմ էկե,
Մեկ աստված խաբար էլե, մեկ հրեշտակ։
Ասաց.— Քո գուրզ դուռ դրեր ես, նշան ի՞նչ է։
Ասաց.— Ջավահիր քար կո էրեսին.
Ինչ արև դիպնի, լուս կը տա,
Մարդ չեն քըշի վեր իմ դռան.
Ինչ իրիկուն կը գա,— ասաց,—
Մեղրե մոմեր կը վառեն,
Էլի լուս կը տա, չեն իշխենա քըշի։
Ասաց.— Դու հազար բարով էկար.
Ես գիտեմ՝ քո հոր տեղ կը բռնես։
Ասաց.— Ո՞վ է՝ քեզի նեղություն կը տա։
Ասաց.— Կոզբադնի թոռներն են։
Չորս թոռ են, չորսն էլ նման են գազան։
Ասաց.— Ես էրթամ, չորսին էլ բռնեմ՝
Սպանե՞մ, թե ողջ-ողջ բերեմ։
Ասաց.— Էրկսից մեկն արա՝
Կ’ուզես սպանի, կ’ուզես բեր։
Մհերն էր, լուսուն էլավ,
Իր ձին հեծավ, քշեց, գնաց Լեռա դաշտ։
Տեսավ՝ Կոզբադնի չորս թոռներ էկան.
Որ տեսան Մհերին,
Իրենց նետ թալեցին.
Որ թալեցին, նետ մի էկավ,
Կպավ Քուռկիկ Ջալալու ոտին։
Մհեր Թուր Կեծակին էզար։
Կես կտրավ, կես մնաց ձիու ոտին։
Էլավ, չորս թոռներն էլ բռնեց,
Առավ, էբեր հրողբոր մոտ։
Քուռկիկ Ջալալին զոտ վերուց.
Որ վերուց, հրողբեր ասաց.
— Էդ ի՞նչ է էլե քո ձիու ոտաց։
Աչքեց, տեսավ՝ կո նետի կտոր մեջն է։
[էջ 314]
Էլավ, էբեր յաղութ, զմրութ,
Հալեց, էլից էնոր ոտաց վերք,
Ժրավ, էլավ քանց առաջ աղեկ։
Մհեր էբեր զԿոզբադնի չորս թոռներ,
Էրկուս բևեռեց դռան էն կողմ, էրկուս էն կողմ։
Էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին,
Ճամփա ընկավ դեհ Գոհար խանում։
Շատ գնաց, քիչ գնաց,
Տեսավ Հալեպա թագավորի տղաներ,
Քառսուն փահլևան աղբերներ,
Իրենց հեծնելու ձին էլ ուղտ է։
Էդ քառսուն առջև Մհերին էկան։
Բարև էտու,— բարև առան։
Բարև առնելուց էտև ասին.
— Մենք քառսուն ենք, աղբեր ենք,
Դուն էլ ըլնիս մեզի աղբեր,
Ըլնենք քառսունմեկ աղբեր։
Ասաց.— Ես կ’ըլնեմ ձեզ հետ աղբեր,
Համա ասեք տեսնեմ՝ ձեր քաղաք ո՞րն է։
Ասին.— Հալեպ։
Ասաց.— Դուք էստեղ ի՞նչ կանեք։
Ասին.— Մենք մե քուր ունենք,
Մեր քուր մեր հոր թախտ զավթե,
Մեզի ճամփեր է էստեղ,
Ինք թագավորություն կանի։
Ասաց.— Դուք կը գաք, ինձի նշանց տաք,
Տեսնեմ ի՞նչ տեսակ քուր է,
Որ թագավորություն կանի։
Ասին.— Որ դու հարցնես,
Մեր քուր ինչ մորից էլավ, մարդակեր էր.
Մեր հերն էլ, մեր մերն էլ էն է կերե.
Քաղքի ժողովուրդ բոլոր կերե։
Մհեր գնաց, էն քառսուն փահլևանի քուր՝
Մարդակեր պառավին գտավ,
Մեկ ճըլխտրիկ էզար, գլուխ թռուց...
Էն քառսուն փահլևանների կուշտ էկավ, ասաց.
— Ձեր մարդակեր քուր սպանեցի,
Դարձեք ձեր քաղաք։
[էջ 315]
Էնոնք Մհերի ոտ ու ձեռ պագեցին,
Ասին.– Մենք չէինք կարնա էդ պառվուն հաղթի,
Որ դու էնոր սպանիր, մեզի ազատիր,
Կուզե՞ս, քաղքի թագավորություն առ,
Մենք քո ծառան մինչև օր մեռնելուն։
— Ես ձենե բան չեմ ուզի,
Ո՛չ թագավոր կ’ըլնեմ,
Ո՛չ քաղքի տեր կ’ըլնեմ։
Ես Դավթի տղա Մհե՛րն եմ,
Ես չեմ կարնա էստեղ նստի,
Ոչ ժառանգ կա ինձի, ոչ մահ ունեմ։
4
Մհեր էնտեղեն ճամփա ընկավ, գնաց,
Հասավ Բաղդադ քաղաք.
Տեսավ՝ մեկ ծերանուկ մարդ էնտեղ նստած.
Հարցուց, ասաց.— Ի՞նչ կա Բաղդադ քաղաք.
Բաղդադա թագավոր ո՞ր մեկն է։
Ասաց.— Ես թագավոր չեմ ճանչենա,
Համա կասեն՝ թագավոր Խալիֆի թոռներն են։
Ասաց.— Բաղդասարի գերեզման ո՞րտեղ է։
Ասաց.— Թագավորի սենեկի դեմն է։
Մհեր ասաց.— Բաղդասար մեր ազգեն է,
Սասնա տնեն է.
Էնոր գերեզման ինձի նշանց կը տա՞ս։
Նշանց էտու, տարավ էնտեղ,— տեսավ։
Մհեր ձիուց իջավ բախչի մեջ,
Գերեզմանին էրկրպագություն էտու,
Աղոթք արավ։— Ինչ աղոթք արեր է,
Ձեռն էլ զարկեր վեր քարին, տեղ կ’էրևա։—
Մհերն էնտեղեն էլավ, գնաց,
Էկավ հասավ Ջզիրու քաղաք.
Ջզիրու քաղաք մեկ գետ կա,
Անուն Ջզիրու Շատ.
Կ’էլնի որ հարուր քառսուն գետ
Իրարու կը խառնվեն, կ’էլնեն մեկ գետ։
Էդ գետ իրեք անգամ զէն քաղաք ավերեց։
Մհեր էկավ էնտեղ,
Մեկ մեծ, ահագին քար էբեր,
Թալեց քաղքի քամակ, գետի մեջ.
[էջ 316]
Գետ էլավ էրկու, ճուղ.
Մեկ ճուղ էն կողմեն կ’էրթա, մեկ՝ էն,
Էլ քաղաք չի ավերի։
Բրջա-Բալաքն էլ վեր էն քարին շինեց,
Իսկի ավերել չը կա էն բերդին։
Մհեր էլավ՝ զձին հեծավ,
Քշեց, գնաց Պաճիկ թագավորի քաղաք։
Գնաց տեսավ՝ գուրզ ինչպես դրեր էր,
Էն էնպես մնացեր էր.
Մարդ չէր գնացե էնտեղ.
Գնաց, մտավ իր տուն,
Տեսավ՝ կնիկ կո թախտին մեռեր է։
Ձեռ էտու կնկան ձեռ,
Տեսավ՝ թուղթ մի կա էնտեղ,
Մեջ գրուկ. «Քենե կը խնդրեմ՝
Ինչ ժամանակ դու գաս, ինձի տեսնես,
Ինձի տանես Սասուն,
Խանդութ խանումի կուշտ թաղես»։
Մհեր էլավ, էբարձ Գոհարի մարմին,
Առեց, տարավ Սասնա տուն.
Էկավ, տեսավ՝ հրողբեր մեռած.
Գերեզման շինեց, զԳոհար Խանդութի կուշտ թաղեց,
Էլավ, քառսուն պատարագ էտու անել,
Սասնա տուն քանի որ մեռած կային,
Բոլորին պատարագ արավ։
Էլավ, որ տ’էրթար,
Տեսավ՝ ոտքեր չէր ղադրի վեր հողին.
Դարձավ, գնաց վեր մոր գերեզմանին, կանչեց.
«Մերիկ, վե՛ր էլի, մերիկ, վե՛ր էլի*,
Մհերն եմ, քո ծծի որդին,
Ինն ամիս ինձի շահեր ես վեր քո սրտին,
Շատ տանջան ես քաշե վեր աստնվորին,
Շատ եմ ման էկե աշխարք, շվար եմ ման էկե,
Չը տեսա քո պես քաղցրիկ մեր վեր աշխրքին»։
Մոր գերեզմանեն ձեն էկավ, ասաց.
«Ո՛րդի, վի՞նչըխ անեմ*,
Ո՛րդի, վի՞նչըխ անեմ,
--------------------
* Երգ է։
[էջ 317]
Գույն, կերպ թափե էրեսես,
Լուս կտրվե աչքերես,
Օձ, կարիճ բուն դրե վերաս։
Բոլ է ման գաս վեր աշխրքին,
Բոլ է ման գաս...
Քո տեղ Ագռավու քարն է,
Գնա Ագռավու քար»։
Մհեր էնքան էլաց,
Էլ ձեն չէլավ մոր գերեզմանեն։
Դոր գնաց վեր հոր գերեզմանին,
Էլաց, ասաց.
«Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի*,
Սասնա Ջոջ տնեն անմաս եմ, էլի,
Աշխրքի էրեսեն անմաս եմ, էլի։
Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի,
Էսօր մռմուռ ձուն էկեր է,
Քո որդի Մհերի ոտքեր կը մռմռան։
Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի,
Քո անուշ հոտուն փափագ մնացի,
Քո անուշ խոսքերուն կարոտ մնացի,
Էնքան մենակ աշխարք գնացի»։
Հոր գերեզմանեն ձեն էկավ, ասաց.
«Ո՛րդի, վի՞նչըխ անեմ*,
Ո՛րդի, վի՞նչըխ անեմ,
Գույն, կերպ թափե էրեսես,
Լուս կտրվե աչքերես,
Օձ, կարիճ բուն դրե վերաս։
Բոլ է ման գաս վեր աշխրքին,
Բոլ է ման գաս...
Քո տեղ Ագռավու քարն է,
Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջև դիմանա,
Աշխարք քոնն է»։
Էնքան էլաց, էլ ձեն չէլավ հոր գերեզմանեն,
Էդ մեկ խոսք էլավ։
Մհեր գնաց, հասավ Ոստանա կապան.
Որ հասավ Ոստանա կապան,
-------------------
* Երգ է:
[էջ 318]
Էնտեղեն,— մեկ իշխան կար,
Կապ էթալ, զՄհեր կապեց։
Մհեր ձիով ընկավ կապ, ասաց.
«Հիշա իմ հացն ու գինին, տեր կենդանին,
Մարութա բարձր Աստվածածին»։
Ասաց, էզար, կտրեց ըզկապ,
Ազատեց Քուռկիկ Ջալալին։
Դարձավ աստծուց խնդրեց՝
Որ կամ կռիվ մի տա իրեն,
Կամ իրեն ամանաթ առնի։
Աստված յոթ ձիավոր հրեշտակ ճամփեց
Հետ Մհերին կռվելու։
Կես օրվնե չուր իրիկուն կռվան,
Մհեր Թուր Կեծակին կը թալեր,
Հրեշտակներուն չէր բռնի.
Ձիու ոտ չէր դադրի վեր հողին,
Որ զոտքեր կը թալեր՝ կ’էրթար մեջ հողին.
Հող առջև թուլացեր էր,
Չէր դադրի առջև Մհերին։
Մհեր ասաց. «Հա՜յ-հո՜յ, զո՛ւր է,
Գետինն էլ հալևորցեր է,
Իմ ձիու ոտաց տակ չի դիմանա»։
Օր կեսօր էր, քանի քշեց,
Ձին թաղվավ չուր իրիկուն։
Զձին առավ, քաշեց էկավ,
Հասավ Վանա մոտ սարի մի տակ։
Մեկ քար մի պատահավ էդոր։
Էդ քարին Վանա քար կ’ասեն։
Ասաց. «Կանգնի, իմ թուր ղարնեմ էդ քարին,
Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր.
Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»։
Թուր որ էզար քարին,
Քար էրկու կողմեն փեղկվավ,
Ինք, իր ձին գնացին մեջ.
Քար էկավ, իրար կպավ։
Քեռի Թորոս կսկծուց մեռավ,
Որ իմացավ Մհերի փակվել։